Դեռևս հնագույն ժամանակներից մարդկանց հետաքրքրել է քարերի ազդեցությունը: Դրանք ոչ միայն շատ գեղեցիկ են, այլև ունեն էներգետիկա, որը բավարար գիտելիքների դեպքում կարելի է շատ օգտակար դարձնել: Քարերով զարդերը լավագույն թալիսմաններն են համարվում, հատկապես եթե դրանք ստացել եք որպես ժառանգություն կամ նվեր: Քարն իր էներգիան միանգամից չի տալիս. հարկավոր է այն կրել որոշ ժամանակ, չհանել, որպեսզի այն կարողանա «հարազատանալ» իր տիրոջ հետ:
Քարերի ազդեցությունը մարդկանց վրա
Սև ագաթը օգնում է խուսափել շատ դժբախտություններից և վտանգներից, որոնց կարող է հանդիպել քարի տերը: Բացի այդ, սև ագաթը հաջողություն է բերում ազարտային խաղերի ժամանակ և օգնում է հաղթել թշնամիներին:
Բաց վարդագույն ամետիստը պաշտպանում է գողությունից և հարբեցողությունից: Խիզախ և սրամիտ լինելու համար խորհուրդ է տրվում ամետիստի վրա առյուծի տեսքով փորագրություն անել: Լեռնային բյուրեղապակին կիրառվում է գուշակությունների մեջ: Այս քարից են պատրաստում մոգական գնդերը, որոնցով կանխագուշակում են ապագան: Լեռնային բյուրեղապակին օգնում է ազատվել վատ քնից: Այս քարը հատկապես օգտակար է երիտասարդ մայրերին. եթե լեռնային բյուրեղապակուց պատրաստված վզնոց կրեն, ապա ավելի շատ կրծքի կաթ կունենան:

Սերդոլիկը, եթե զետեղեն պլատինե շրջանակի մեջ, կարող է դադարեցնել արյունահոսությունը: Սերդոլիկը չպետք է կրել բացահայտ, քանի որ այն օգուտ է բերում այն դեպքում, եթե թաքնված է օտար աչքից: Մոխրագույն բյուրեղապակին օգտակար է ստեղծագործ մարդկանց. այն զարկ է տալիս երևակայությունը և ստիպում ստեղծագործությամբ զբաղվել: Մոխրագույն բյուրեղապակին կարող է բուժել թմրամոլությունը:
Սև ադամանդը հրաշալի քար է: Այն խորհուրդ է տրվում այն կանանց, ովքեր չեն կարող հղիանալ:
Զմրուխտը պլատինի համադրությամբ մեծացնում է մարգարեական երազներ տեսնելու հավանականությունը: Եթե զմրուխտի վրա թռչուն փորագրվի, ապա այն կերկարացնի իր տիրոջ կյանքը: Զմրուխտը խորհուրդ է տրվում կրել երիտասարդ աղջիկներին, քանի որ այն խելամտության խորհրդանիշն է համարվում: Նռնաքարը պաշտպանում է բազմաթիվ հիվանդություններից: Նրանք, ովքեր կրում են այս քարերով զարդեր, եռանդուն են և աշխատասեր:
Սուտակը նույնպես պաշտպանում է հիվանդություններից: Այն հաջողություն է բերում առևտրով զբաղվողներին: Պահապան է նաև ճանապարհորդության ժամանակ: Ծովակնը (ակվամարին), որի վրա մողեսի և գորտի փորագրություն կա, իր տիրոջը աշխատասեր է դարձնում և օգնում է պայքարել ծուլության դեմ:
Սև օնիքսը մարդուն եռանդուն և նախաձեռնող է դարձնում ու հաջողություններ է բերում գործերում: Մարգարիտը խորհուրդ է տրվում կրել երիտասարդ աղջիկներին, ովքեր ցանկանում են հաջող ամուսնանալ: Այն իր տիրոջը դարձնում է լավ կին, մայր և տնտեսուհի: Տղամարդկանց խորհուրդ չի տրվում մարգարիտ կրել, քանի որ այն թուլացնում է բնավորությունը:
