ԶԻՆՎՈՐԻ ՊԱՏՄԱԾԸ
— Հրամանատարիս հետ հարաբերություններս, մեղմ ասած, լավ չէին: Չգիտեմ, թե ինչից էր: Դիրքերում էլ շատ լարված էր: Մի պահ եղավ, երբ պետք էր կրակագիծը պահել, մինչև համալրումը կգար: Բոլորիս շարք կանգնեց-րեց, ասաց` չեմ հրամայում, ձեզնից մեկը թող կամավոր գա ինձ հետ, երկուսով պիտի վերին դիրքը պահենք:

Քայլ արեցի առաջ, ասացի` ես: Խեթ նայեց ինձ, բռունցքով խփեց ուսիս ու տարավ իր հետ:2 ժամ դիմացանք:
Օգնությունը տեղ հասավ: Երբ մարտը դադարեց, հրամանատարս ձեռքիցս բռնած ինձ տարավ ջրամանի մոտ, նստեցրեց, ճակատս համբուրեց ու սկսեց երեսս լվանալ: Ինքն իմ երեսը լվանում էր երկու ձեռքով, ես հանգիստ արտասվում էի, որովհետև գիտեի` արցունքս ջրին էր խառնվում ու նա չէր տեսնի:
Հովիկ ՉԱՐԽՉՅԱՆ
