Մարշմելոուն ժամանակակից երեխաների ամենասիրելի քաղցրավենիքներից մեկն է։ Շատերը այն զեֆիրի հետ են համեմատում, բայց ի տարբերություն զեֆիրի, այստեղ չկա ձվի սպիտակուց և խնձորի խյուս։ Այսօր Positive-ը առաջարկում է տնային պայմաններում մարշմելոու պատրաստել։ Բաղադրատոմսը շատ պարզ է ու հեշտ, իսկ համն՝ անկրկնելի։

Անհրաժեշտ բաղադրիչներ
- 220 գր․ շաքարավազ
- 10 գր․ ժելատին
- 1 ճ․գ․ օսլա
- 1 ճ․գ․ շաքարի փոշի
- 120 մլ ջուր
Պատրաստման եղանակը
1․ 60 մլ ջրի մեջ լցնում ենք շաքարավազը և եփում մինչև օշարակի թանձրություն ստանանք։
2․ Նախօրոք առանձին տարայի մեջ խառնում ենք 60մլ ջուրը ժելատինի հետ և լուծում ջրային բաղնիքի վրա։ Երբ ժելատինը ուռչի, հարում ենք հարիչով։
3․ Դրանից հետո մաս-մաս ժելատինին խառնում ենք օշարակը և 1 րոպե հարում էլեկտրական հարիչով՝ թույլից աստիճանաբար պտույտները ուժեղացնելով։ Շարունակում ենք հարել ևս 10 րոպե մինչև զանգվածը պնդանա։ Ցանկության դեպքում կարելի է սննդային ներկ ավելացնել։
4․ Վերցնում ենք ձևամանը, թրջում ենք ջրով, վրայից սննդային թաղանթ ենք փռում և կարագ ենք քսում։ Լցնում ենք զանգվածը և վրայից նորից ծածկում ենք յուղոտած սննդային թաղանթով։ Դնում ենք սառնարանը մի քանի ժամով։
5․ Հանում ենք սառնարանից և շրջում ենք տախտակի վրա, որի վրա նախօրոք օսլա կամ շաքարի փոշի ենք լցրել։ Պնդացած զանգվածը խորանարդիկներով կտրատում ենք և թավալում բոլոր կողմերից շաքարի փոշու մեջ։
Պատրաստ է։
