Բաղադրիչներ Խմորի համար՝ ձու — 3 հատ խտացրած կաթ — 400 մլ թթվասեր — 150 գր + 30 գր ալյուր — 200 գր փխրեցուցիչ — 5 գր կակաո — 30 գր Կրեմի համար՝ թթվասեր — 500 գր շաքարավազ — 200 գր ընկույզ — 100 գր Ձևավորման համար՝ շոկոլադ սև — 30 գր (քերած) Պատրաստման եղանակը Ձուն, 150 գր թթվասերն ու խտացրած կաթը խառնում ենք և լավ հարում։ Այնուհետև ավելացնում ենք մաղած ալյուրն ու փխրեցուցիչը և շարունակում ենք խառնել, մինչև թանձր, բայց ծորացող համասեռ զանգված ստանանք։
Խմորի մի մասը լցնում ենք յուղով պատված ձևամանի մեջ և մոտ 20 րոպեով (կախված շերտերի հաստությունից) տեղափոխում մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը։
Մնացած խմորի մեջ ենք ավելացնում կակաոն և 30 գր թթվասերը (քանի որ կակաոն խմորն ավելի թանձր կդարձնի)։ Լավ խառնում ենք և նախորդի պես թխում։ Կրեմի համար շաքարավազը թթվասերի հետ հարում ենք այնքան, մինչև շաքարավազը լուծվի։

Շաքարավազի փոխարեն կարող ենք շաքարի փոշի օգտագործել (ավելի լավ է լուծվում)։ Ընկույզը խոշոր կտրատում ենք և ավելացնում թթվասերային կրեմի մեջ։ Պատրաստի շերտերը սառեցնում ենք և յուրաքանչյուրը 2 մասի բաժանում։ Սովորաբար հորիզոնական ենք կտրում, բայց եթե շերտերը բարակ են, կարող ենք ուղղահայաց կտրել։

Շերտերի վրա կրեմ ենք քսում և իրար վրա դնում։ Կրեմը պետք է շատ լինի, որպեսզի տորթը փափուկ լինի։ Տորթի վրայից և կողքերից կրեմ ենք քսում և ըստ ճաշակի ձևավորում (այս նկարի մեջ շոկոլադե քերուկ է օգտագործված)։

Մի քանի ժամով (ավելի լավ է գիշերը թողնել սառնարանում) տեղափոխում ենք սառնարանը, ապա հանում ենք և մատուցում: Այս տորթը բավականին հագեցնող է, այնպես որ, թեյի հետ պետք է մատուցել փոքր կտորներով։ Աղբյուր
