«Երեկ ՀՀ Քննչական կոմիտեն հաղորդեց, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով ձերբակալվել են «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը»:
Այս լուրի հրապարակումից անմիջապես հետո խմբագրություն զանգահարեց մի կին՝ խնդրելով պարզել, թե հնարավո՞ր է, որ իր հետ էլ են նույն բանն արել եւ իր երեխան հիմա ողջ ու առողջ է։ Մարինե Գրիգորյանի պատմությունը որքան հուզիչ էր, նույքան էլ ողբերգական։
Նա պատմեց, որ 2011 թվականի հուսլիսի 10-ին՝ հղիության 7 ամսականում իր առողջական վիճակը կտրուկ վատացել է, իրեն տեղափոխել են թիվ 1 հիվանդանոց՝ Պլանի գլխի, եւ ասել են, որ անհապաղ պետք է վիրահատություն անեն։ Կեսարյան հատմամբ ծնվել է որդին՝ Գրիգորը․«1-ին հիվանդանոցում բավարար տեխնիկական պայմաններ չլինելու պատճառով երեխային տեղափոխում են հանրապետական հիվանդանոց։
Այնտեղ ասում են, որ երեխան լավ չի, իրեն ակվարիումի մեջ են պահում։ Փոքր է ծնվել՝ 1 կգ 300 գրամ։ Դրանից հետո, երբ ես հիվանդանոցից դուրս գրվեցի, այդ ընթացքում, իհարկե, ծնողներս, ամուսինս գնացել հետաքրքրվել են՝ երեխան անտարբերության մատնված չի եղել, միայնակ չի եղել, բայց իրենք միշտ պնդում էին, որ երեխան լավ չի աճել, պուճուր է, թույլ է։ 1 ամիս հետո ես հիվանդանոցից դուրս եմ գրվել, գնացել եմ երեխայի մոտ, տեսել եմ երեխային, նորմալ շարժվում էր, աչքերը բացում-փակում էր, ինչպես բոլոր երեխաները, նորմալ ուտում էր։
Ուտելիք, տակաշորեր էինք տանում իր համար։ Դրանից հետո ինչ-որ հետազոտություններ, ստուգումներ էին արել, ասացին՝ երեխան լավ չի աճել, լավ չի ձևավորվել, ուղեղի խնդիր ունի, իրենք չպետք է դուրս գրեն հիվանդանոցից։ Ասացինք՝ նորմալ է, պահեք հիվանդանոցում, ինչքան պետք լինի կվճարենք, ասացին՝ վճարելու կարիք չկա, ուղղակի երեխան այնպիսի խնդիրներ ունի, որ դուք իրեն չեք կարող մեծացնել, ձեր երեխան բույսի նման է լինելու։
Ուղեղը նորմալ չի զարգանում, իր տարիքի համեմատ մի քանի տարի փոքր է մնալու, դուք պետք է հրաժարվեք երեխայից, մենք այդ առողջությունով երեխային հիվանդանոցից դուրս չենք գրի։ Ես հոգեբանորեն շատ վատ վիճակում եմ եղել, սկեսրայրս էլ մի քիչ խիստ մարդ էր, ասաց՝ ես այդպիսի թոռ չեմ ուզում, դա հիվանդ է, երեխա չի, ամբողջ կյանքներդ կդատապարտվեք և այլն։ Սխա՞լ եմ եղել, թե՞ ճիշտ, այդ ժամանակ ստորագրել եմ, հրաժավել եմ երեխայից՝ ծննդաբերությունից մոտ 3 ամիս անց»։
Մարինե Գրիգորյանը պատմեց, որ հետագայում իրեն սկսել են ամուսնու ծնողները մեղադրել՝ ասելով, որ իրենք հիվանդ երեխա ունեցող կին չեն ուզեցել իրենց տղայի համար, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է նրան, որ ամուսինները բաժանվել են։
«Ես ամուսնուցս բաժանվել եմ դեպքից 2 տարի հետո՝ 2013 թվականին։ Այդ դեպքից հետո մեր ընտանիքը քանդվեց՝ ոչ ոք չէր ուզում հարս, որը կարող է հիվանդ երեխա ունենալ։ Դրանից հետո երեխային մեր դիմումի հիման վրա տալիս են մանկատուն։ Ամուսնուցս բաժանվելուց հետո՝ 2013 թվականին ես կապ եմ հաստատել մանկատան հետ։ Իհարկե, գործը արխիվացվել էր, մեզ ասացին, որ արտասահմանից ինչ-որ զույգ որդեգրել է երեխային։
Ես իրենց հարցրի, թե ինչո՞ւ են որդեգրել, երբ երեխան հիվանդ էր։ Ինձ նույնիսկ հիվանդանոցում ասացին, որ կարող է երեխան ապրի մի քանի ամիս կամ մի քանի տարի։ Ես իրենց հարց էի տալիս, որ եթե ես իմ երեխային չէի կարող խնամել, չէի կարող պահել, ապա ինչպե՞ս է եղել, որ արտսահմանցի ինչ-որ զույգ կարող է իմ երեխային պահել, եթե նման հնարավորություն կար պահելու, ինչո՞ւ ինձնից վերցրիք իմ երեխային։ Ասացին, որ երեխան շատ վատ է եղել, իսկ արտասահմանցի զույգը շատ հարուստ է, իրենք ամեն ինչ կարող են անել երեխայի համար, կվիրահատեն եւ այլն։ Ինձ հիվանդանոցում ասել են, որ երեխան ունի ուղեղի խնդիր, իր ուղեղը լավ չի զարգացել, իսկ մանկատանն ասացին, որ ինչ-որ ոտքի խնդիր է ունեցել։
Բայց ես ոչ մի ոտքի խնդիր չեմ նկատել։ Ես 7 ամիս հղիություն եմ տարել, նորմալ կոնսուլտացիաներին հաճախել եմ ու ինձ ոչ մի անգամ չեն ասել, որ երեխայի մոտ խնդիր կա, հաճախել եմ «Փեթակի» մոտի պոլիկլինիկան, իմ անկետան այնտեղ պետք է որ պահպանված լինի»։
Գրիգորյանը դժվարացավ հիշել երեխայի ծանր վիճակի մասին իրենց տեղեկացրած բժշկի անուն- ազգանունը, որը հորդորում էր իրեն հրաժարվել երեխայից, բայց ասում է, որ դա Հանրապետական ծննդատանն է եղել՝ «նիհար բժիշկ էր»․«Անունը չեմ հիշում, չի տպավորվել ոչ մի բան, ես այդ ժամանակ ոչ մի բան չէի ուզում լսել, բայց այն ժամանակ ինձ ասացին, որ ինքը ինչ-որ բաժնի վարիչ է, թե՞ երեխայի բուժող բժիշկն է։ Տղամարդ էր»։
Մեզ հետ զրույցում Մարինե Գրիգորյանը նշեց, որ ոչ մեկին չի մեղադրում կատարվածի համար, պարզապես խնդրում է պարզել, թե իր երեխան առողջական խնդիրներ իրականում ունեցե՞լ է․ «Ես ուղղակի խնդրում եմ, որ դուք պարզեք՝ հնարավո՞ր է, որ իմ երեխան առողջ է եղել, կարող է ողջ լինել։ Մանկատանը ես հարցրի, թե ո՞ր երկրից են որդեգրողները, ովքե՞ր են, իրենք ասացին, որ իրավունք չունեն նման տվյալներ տալու։
Ես այժմ ամուսանացած եմ, ունեմ մի աղջիկ, որին շատ դժվարությամբ եմ ունեցել՝ արհեստական բեղմնավորմամբ։ Իմ երեխան տղա էր, անունը՝ Գրիգոր, ծնվել է 2011 թվականի հուլիսի 10-ին, Գրիգոր Սահակյան, շեկ մազերով, կապուտաչյա երեխա էր»։