Մեզի նորմալ գույնը կարող է փոփոխվել՝ կախված մարդու սննդակարգից, ընդունած դեղամիջոցներից և խմած հեղուկի քանակությունից: Սակայն լինում են դեպքեր, երբ մեզի գույնի փոփոխությունը վկայում է առողջական խնդիրների մասին, որոնք ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Ձեր ուշադրությունն ենք ներկայացնում, թե առողջական ինչ խնդիրների մասին կարող է պատմել մեզի գույնը:
· Թափանցիկ մեզ
Մասնագետների խոսքով՝ մեզն 99%-ով բաղկացած է ջրից և դրա միայն 1%-ն են կազմում սպիտակուցային նյութերի քայքայումից առաջացած նյութերը, պիգմենտներն ու աղերը: Սա նշանակում է, որ թափանցիկ մեզը վկայում է չափազանց շատ հեղուկ օգտագործելու մասին:
· Կարմիր մեզ
Կարմիր մեզը կարող է պայմանավորված լինել մեզի մեջ արյան առկայությամբ (հեմատուրիա կամ արյունամիզություն): Նման ախտանշան կարող է նկատվել այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսին են միզաքարային հիվանդությունը, արտազատական համակարգի վարակները, երիկամներում առաջացած նորագոյացությունները և գլոմերուլոնեֆրիտը:

Բացի այդ, մեզը կարող է կարմիր կամ վարդագույն երանգ ստանալ ճակնդեղի, մոշի կամ սև հաղարջի գործածության դեպքում: Նաև մեզին կարմիր գույն հաղորդելու հատկությամբ է օժտված տուբերկուլյոզի բուժման համար կիրառվող ռիֆամպիցին դեղամիջոցը:
· Չափազանց մուգ գույնի մեզ
Սև կամ մուգ շագանակագույն մեզը կարող է պայմանավորված լինել սննդակարգում լոբու կամ խավարածիլի (ревень) գործածությամբ, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ընդունմամբ: Նման անխտանշան կարող են առաջացնել մալարիայի դեմ կիրառվող որոշ դեղամիջոցները (օրինակ՝ քլորոխինը), մետրոնիդազոլ հակաբիոտիկը և լուծողական որոշ միջոցները:
· Նարնջագույն մեզ
Եթե մեզը ձեռք է բերել նարնջագույն երանգ, ապա հարկավոր է անպայման ստուգել հեպատոբիլյար համակարգի վիճակը, որը ներառում է լյարդն ու լեղուղիները: Բացի այդ, մեզը կարող է նարնջագույն երանգ ստանալ օրգանիզմի ջրազրկման դեպքում, ուստի նման ախտանշանի ի հայտ գալու դեպքում խորհուրդ է տրվում հետևել օգտագործվող ջրի քանակին:
· Կանաչ կամ կապույտ մեզ
Կանաչ կամ կապույտ մեզի դեպքում հարկավոր է ուշադրություն դարձնել սննդակարգին, քանի որ մեզը նման գույն է ստանում սննդային գունանյութեր օգտագործելու դեպքում:
Բացի այդ, մեզի գույնի փոփոխության պատճառ կարող են դառնալ արտազատական համակարգի օրգանների հետազոտության ժամանակ օգտագործվող նյութերը, ինչպես նաև «կապույտ տակաշորերի համախտանիշը», որը խիստ հազվադեպ հանդիպող գենետիկական մետաբոլիկ խանգարում է և բնորոշվում է մեզի կապույտ գույնով: Նաև հարկ է հիշել, որ պղտոր մեզը կամ դրա կանաչավուն երանգը հաճախ վկայում են արտազատական համակարգում վարակի առկայության մասին, ուստի հարկավոր է շատ ուշադիր լինել և չանտեսել այդ լուրջ ախտանշանը:
