BlogNews.am-ը վերսկսում է իր «Հարց գինեկոլոգին» խորագիրը: Այս խորագրի ներքո Դուք կարող եք մեզ ուղարկել Ձեզ հուզող հարցերը և մասնագետների կողմից ստանալ դրանց պատասխանները: Այսօրվա գրառման ֆորմատը մի փոքր տարբերվում է մյուս գրառումներից:
Շատ հաճախ ամոթը և վախը խանգարում են կնոջն այցելել գինեկոլոգիական զննման: Նրանց վախեցնում է և՛ պրոցեդուրան, և՛ բժիշկը, երբեմն էլ հենց գինեկոլոգիական աթոռը: Եվ այդ վախը հատկապես տարածված է չամուսնացած աղջիկների մոտ: Հիշեք՝ ամաչելու և վախենալու ոչինչ չկա: Տարվա մեջ գոնե 2 անգամ պետք է այցելել գինեկոլոգիական զննման:
Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի գինեկոլոգիական բաժանմունքի մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Սարգսյանը խորհուրդներ է տալիս օրիորդներին, որոնց հետևելով՝ կարելի է խուսափել մի շարք հիվանդություններից և բարդություններից:
Խորհուրդ 1. Հետևել անձնական հիգիենային:
Շատ կարևոր է, որ աղջիկներն ուշադրություն դարձնեն իրենց անձնական հիգիենային:
1.Ձեռքերի, մարմնի, բերանի խոռոչի հիգիենա:
2.Ատամների ամենօրյա մաքրում:
3.Արտաքին սեռական օրգանների հիգիենա
4.Ներքնաշորերի մաքրություն:
5.Անութափոսի խնամք:
6.Ձեռքերի մաքրության պահպանում:
7.Մազերի, ականջների, եղունգների խնամք:
8.Անձնական հիգիենա դաշտանի ժամանակ
Խորհուրդ 2. Հետևել դաշտանային ցիկլի կանոնավոր ընթացքին և խախտումների դեպքում դիմել բժշկի
Դաշտանային ցիկլն աղջիկների սեռական հասունացման կարևորագույն փուլն է և սեռական հասունացման ֆիզիկական դրսևորումներից մեկը։ Աղջիկների սեռական հասունացման շրջանը սկսվում է 8-13 տարեկանում: Այս շրջանում փոխվում է նրանց մարմինը և միտքը, որը պայմանավորված է հորմոնալ տեղաշարժերով:
Ֆիզիկական փոփոխությունները դրսևորվում են օր.՝ կրծքերի աճով և զարգացմամբ, որից մոտավորապես 2- 2.5 տարի հետո սկսվում է դաշտանային ցիկլը: Առաջին ցիկլի սկսվելուց մոտ 6 ամիս առաջ աղջիկը կարող է նկատել առատ հեշտոցային արտադրություն, ինչը նորմայի մեջ է, և պետք չէ անհանգստանալ, եթե այն չունի հոտ և քոր չի առաջացնում: Առաջին դաշտանը կոչվում է մենարխե:
Խորհուրդ 3. Հետևել կրծքագեղձերի աճին և կառուցվածքին:
Սեռական հասունացման շրջանում աղջիկների մոտ սկսվում է կաթնագեղձերի արտահայտված զարգացումը։ Ճյուղավորված գեղձային խողովակներից տարբերակվում են սեկրետոր բաժինները՝ ալվեոլներ կամ ացինուսներ։
Սեռական ցիկլի ընթացքում սեկրետոր ակտիվությունը բարձրանում է օվուլյացիայի շրջանում և նվազում դաշտանի ժամանակ։ Օվարիալ հորմոնների գոյացման ավարտից հետո՝ կլիմակտերիկ շրջանի սկսվելուց կամ ավարտից հետո, կաթնագեղձը ենթարկվում է ապաճման։
Խորհուրդ 4. Հետևել մազածածկերի առաջացմանը մարմնի համապատասխան մասերում, որպեսզի այն լինի համապատասխան հատվածներում (կանացի տիպի):
Մարմնի նոր հատվածներում մազածածկույթի ի հայտ գալը վկայում է նորմալ սեռական զարգացման մասին: Մազերն առաջին հերթին հայտնվում են անութափոսերում, ապա ցայլքի շրջանում: Նրանք որակապես տարբերվում են եղած մազերից. այսինքն՝ նոր հայտնված մազերն ավելի հաստ ու կոշտ են, մուգ և ոլորված:
Աղջիկների մոտ մազածածկույթի զարգացմանը նպաստում են սեռական հորմոնները, ինչպես իգական (էստրոգեն), այնպես էլ արական (տեստոստերոն): Հարպտկային և պորտից մինչև ցայլք ընկած հատվածում մազերի առկայությունը նույնպես նորմալ է, և նրանց առկայությունը չպետք է անհանգստության առիթ հանդիսանա: