Առողջ մարդու լեզուն բաց վարդագույն է, հարթ մակերեսով` առանց ճաքերի, փառակալման, բորբոքային պտկիկների: Հին հնդկական բժշկության` այուրվեդայի բուժակները միայն լեզվին նայելով կարողանում են ճշգրիտ որոշել, թե մարդն ինչ հիվանդություն ունի:
Օրինակ, եթե լեզուն պատված է սպիտակ փառով, ապա մարդու մոտ աղեստամոքսային համակարգում ինչ-որ բան այն չէ: Լեզվի մուգ կարմիր գույնը` առանց փառակալման և հարթ մակերեսով, վկայում է լյարդի քրոնիկական անբավարավածության, իսկ դեղնավուն երանգը` լյարդի և միզապարկի հիվանդությունների մասին:

Լեզվի ճաքերը հուշում են էնդոկրին համակարգի, երիկամների և արյան հիվանդությունների մասին:
Լեզուն երկնագույն-վարդագույն երանգ է ձեռք բերում արյան զարկերակային բարձր ճնշման` հիպերտոնիայի ժամանակ, գորշակապույտ է դառնում սիրտ-անոթային հիվանդությունների դեպքում, իսկ չափազանց գունատ երանգը զգուշացնում է, որ պետք է արյան հեմոգլոբինը ստուգել:
Եթե լեզուն չորանում է, ապա օրգանիզմը ջրազրկվել է կամ թունավորվել: Լեզվի չորություն է նկատվում նաև խոցերի սրացումների ժամանակ:
