Երբ տունդ կին կբերես, չմոռանաս, որ մի անգամ ընկերոջդ տանը գիշերելիս խորթ մահճակալի վրա քունդ փախել էր, իսկ նա մի ամբողջ կյանք պիտի քնի խորթ մահճակալին։
Երբ տունդ կին կբերես, չմոռանաս, որ բանակում երնեկ էիր տալիս մորդ պատրաստածն ուտեիր, ոչ թե ինքդ պատրաստեիր քեզ համար, կամ էլ ուտեիր ինչ-որ մեկի պատրաստածը։
Երբ տունդ կին կբերես, չմոռանաս, որ ժամանակ առ ժամանակ ցանկացել ես ոչինչ չանել, ուղղակի ոչինչ չանել ու մի ամբողջ օր բազմոցին թիկնած անցկացնել, իսկ նա, եթե փորձվի մեկ ժամից ավել թիկնել ու ոչինչ չանել,ընտանիքիդ անդամները հազար ու մի անուն կկպցնեն նրա հետևից։
Երբ տունդ կին կբերես, չմոռանաս, որ նա իրենց տանը եղել է միշտ սիրո, ջերմության ու ուշադրության մեջ, և այդքանից բաժանվել է միայն ու միայն քեզ համար, բաժանվել ու եկել է մի տուն, ուր սիրված լինելու առաջնահերթությունը քոնն է և նոր իրենը։
Երբ տունդ կին բերես, հիշիր, որ նա ունեցել է իրեն պաշտպանող հայր ու եղբայր և որ այդ օրից դու ես նրա թե՛ հայրը, թե՛ եղբայրը:
Երբ տունդ կին կբերես, չմոռանաս, որ նրան կտրել ես իր մորից, իսկ դու երբեք բաց չես թողնի քո մորը։ Երբ տունդ կին բերես, հիշիր ինչպես ես ճանապարհել քրոջդ։