Ես ու նախկին ամուսինս ծանոթացանք, երբ երկուսս էլ 22 տարեկան էինք: Սկզբում ինձ թվաց, որ նա բարի, խելացի, ընտանիքի մարդ է: Ամուսնացանք, երեխա ունեցանք: Իսկ հետո սկսվեց ամենահետաքրքիրը. նա սկսեց գիշերները տուն չգալ, աշխատավարձի կեսից ավելը ծախսել՝ ինձ համար անհասկանալի կերպով, մեր դստերը բացարձակ ուշադրություն չէր դարձնում, էլ չեմ ասում իմ մասին:
Ես առավոտից երեկո տանն էի, մի կերպ էի հասցնում լվացք, մաքրություն անել, ուտելու բան պատրաստել, փոքր երեխայի հետ շատ դժվար է:
Մի օր էլ հոգնեցի անդադար սկանդալներից և ամուսնուս ուղղակի դուրս հանեցի տնից: Մենք ապրում էինք ծնողներիս տանը, նրանք այլ երկրում են բնակվում:
Նախկին ամուսնուցս նույնիսկ ալիմենտ չպահանջեցի, որոշեցի նրանից մեկընդմիշտ ազատվել: Սկզբնական շրջանում գումարով օգնեցին ծնողներս, իսկ երբ աղջիկս մի քիչ մեծացավ, նրան տարա մանկապարտեզ և սկսեցի աշխատել:
Ամուսնալուծությունից անցել է 2 տարուց ավել, և հանկարծ հայտնվում է սկեսուրս. նա դստերս հետ հանդիպումներ է պահանջում:
Գիտե՞ք ինչն է անհասկանալի ինձ համար, այս 3-4 տարվա ընթացքում նա երբեք չի հետաքրքրվել մեզանով, երեխայով, ես նրան տեսել եմ ընդամենը 5-6 անգամ, նա ինձ համար անծանոթ կին է: Ինչու՞ պետք է երեխայիս վստահեմ մեկին, ում չեմ ճանաչում: Այդպես էլ ասացի նրան, ասացի, որ օտարներին թույլ չեմ տալիս մոտենալ դստերս:
Իսկ այսօր էլ նա զանգեց և ասաց, որ կդիմի դատարան, քանի որ երեխայի հետ հանդիպելու իրավունք ունի:
Ստացվում է, ես երեխա եմ ունեցել, ծնված օրվանից միայնակ պահել նրան, մեծացրել, երբ օգնության կարիք եմ ունեցել, նրանք չկային, իսկ հիմա հայտնվել և իրավունքից են խոսում:
Ես հիմա շատ բարկացած եմ, մոտս պանիկա է սկսվել: Գուցե՞ որևէ մեկը գիտի, թե նման դեպքերում դատարանն ինչ որոշում է կայացնում: Մի՞թե ինչ-որ մեկը կարող է ինձ ստիպել անել մի բան, ինչ չեմ ուզում: