Փորկապությունը բավական տհաճ խնդիր է, որը բացասաբար է անդրադառնում մարդու կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ նման խնդրի առկայության դեպքում մարդիկ անմիջապես ընդունում են լուծողական ազդեցությամբ օժտված դեղամիջոցներ: Սակայն մինչ նման դեղեր ընդունելը մասնագետները խորհուրդ են տալիս փորձել ազատվել խնդրից բնական միջոցների օգնությամբ:
Առաջին հերթին հարկավոր է վերանայել սննդակարգն ու օրվա ընթացքում ավելի շատ ջուր խմել, քանի որ հաճախ խնդիրը պայմանավորված է լինում բավարար քանակությամբ ջուր չխմելու սովորությամբ:
Բանն այն է, որ աղեստամոքսային տրակտը ներծծում է սննդի մեջ պարունակվող ջուրը, իսկ քիչ քանակությամբ ջուր խմելու սովորության ֆոնին սա կարող է դառնալ փորկապության ու բավական տհաճ զգացողությունների զարգացման պատճառ: Բավարար քանակությամբ ջուր խմելը փորկապության դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցներից է, սակայն էլ ավելի լավ արդյունքի հասնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս հարստացնել սննդակարգը ստորև ներկայացված սննդամթերքով:
Խնձոր
Այս միրգը մանրաթելերի հարուստ աղբյուր է, իսկ մանրաթելերն օգնում են ազատվել փորկապությունից:
Ընդ որում՝ այս խնդրի դեմ պայքարում հատկապես արդյունավետ են ջեռոցում պատրաստված խնձորները:
Սակայն հարկ է հիշել, որ խնձորում առկա օգտակար նյութերը յուրացնելու համար այն հարկավոր է համադրել օգտակար ճարպերի հետ:

Ոսպ
Ոսպը պարունակում է մեծ քանակությամբ չլուծվող մանրաթելեր, որոնք օգնում են կանխել փորկապությունն ու աղիների հետ կապված այլ խնդիրների զարգացումը:
Սակայն հարկ է հիշել, որ ոսպը նպաստում է աղիներում մեծ քանակությամբ գազերի կուտակմանը, ուստի այս մթերքը ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել:
Թթու կաղամբ
Կաղամբի ֆերմենտացման ընթացքում առաջանում են բակտերիաներ, որոնք օգնում են յուրացնել կաթնաշաքարն ու ազատում են փորկապությունից:
Բացի այդ, այս մթերքը կարգավորում է աղեստամոքսային տրակտի միկրոֆլորան ու նպաստում է իմունային համակարգի ամրապնդմանը:
Վարսակ
Վարսակը պարունակում է լուծվող մանրաթելեր, որոնք բարելավում են մարսողական համակարգի աշխատանքը: Փորկապության դեպքում այս մթերքը կարող է շատ օգտակար լինել, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգում ներառել ամբողջահատիկ վարսակ ու վարսակի թեփ:
Սալորաչիր
Սալորաչիը հարուստ է ոչ միայն մանրաթելերով, այլև սորբիտոլ ու ֆենոլ միացություններով, որոնք օգնում են հեշտությամբ դատարկել աղիները: Փորկապությունից ազատվելու համար պարզապես հարկավոր է պարբերաբար օգտագործել 100 գրամ (մոտ 10 հատ) սալորաչիր:
